Երեկ առանց որևէ ակնհայտ հիմքի մարդկանց բերման ենթարկելն ակնհայտ շոուի շրջանակներում էր. Տարոն Սիմոնյան

13:19 • 29.01.20

Երեկվա դեպքերը՝ առանց որևէ ակնհայտ հիմքի մարդկանց բերման ենթարկելը, ակնհայտ շոուի շրջանակներում էր: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ հասարակական գործիչներին ոստիկանության բերման ենթարկվածներին:

Նա օրինակ բերեց, որ Վանաձորում կային խմբեր, որոնք և՛ զինված էին, և՛ իրավախախտումներ էին կատարում. «Մի քանի ամիս առաջ էդ խմբերից մեկը ֆիզիկապես ոչնչացավ մեկ այլ անձի հրաձգության պատճառով: Երբ ոստիկաններին ասում էի՝ բոլորդ գիտեք, էդ մարդիկ զինված էին, հանցագործություններ են կատարում, ինչո՞ւ չեք էդ մարդկանց ձերբակալում նաև ապօրինի զենք պահելու կասկածանքով, ոստիկանները շատ հետաքրքիր պատասխան էին տալիս՝ ասում էին՝ ձերբակալում ենք, դատարանն ազատում է, որովհետև հիմքեր չենք կարողանում ներկայացնել»,-պատմեց պատգամավորը և հավելեց, որ այդպես այդ մարդիկ քաղաքում ման էին գալիս:

«Եվ ունեինք երեկվա դեպքերը, երբ առանց որևէ ակնհայտ հիմքի անձանց ենթարկում են բերման շոուի շրջանակներում: Ես ուղղակի մեր ոստիկանության աշխատակիցներին խնդրում եմ ու հորդորում, որ պահպանեն իրավունքի տառը, եթե ունեն ակնհայտ հիմքեր անձանց բերման ենթարկելու, ապօրինի զենք զինամթերք պահելու համար, միայն այդ դեպքում այդ գեղեցիկ միջոցառումների շրջանակներում անձանց բերման ենթարկեն: Եթե չկան հիմքեր, ապա էնքան հիմքեր կան այլ անձանց կողմից նման հանցագործություների կատարման, թող զբաղվեն նրանցով»,- ընդգծեց նա:

Սիմոնյանը նշեց՝ իր հորդորն է, որ համաչափ լինի ամեն կասկածի շուրջ արվող գործողությունը, եթե համաչափ չէ, բոլորի մոտ առաջանում է մտահոգություն. «Եթե բոլորիս մոտ է մտահոգություն առաջացել, նշանակում է, որ ոստիկանությունը էդքան էլ ճիշտ չի աշխատում և անհրաժեշտ է, որ վերանայի գործելաոճը: Մեզ մոտ տպավորություն է առաջացել, որ ոստիկանությունը չուներ համապատասխան հիմքեր, բայց նման գործողություններ կատարեց՝ ցանկություն ունենալով այդ անձանց դարձնել քավության նոխազ կամ քաղաքական գործիչ՝ ակտիվացնելով նրանց քաղաքական կոմպոնենտը»,- ասաց նա: