Նովոսիբիրսկում սահմանապահները ՌԴ կարմիր գրքում ներառված ձկնատեսակների 110 կիլոգրամ խավիար են հայտնաբերել

14:52 • 29.01.20

Ռուսաստանի Նովոսիբիրսկի շրջանի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները կանխել են Խաբարովսկի երկրամասում անօրինական ճանապարհով ձեռք բերված ՌԴ Կարմիր գրքում ներառված թառափային ձկնատեսակների խավիարի ներմուծումը Մոսկվայի մարզ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

«Հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 110 կիլոգրամ Կալուգայի և ամուրյան թառափի խավիար: Ըստ նախնական գնահատականների` ՌԴ ջրային կենսաբանական ռեսուրսներին հասցված վնասը կազմել է ավելի քան 23 միլիոն ռուբլի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 258.1 հոդվածի 1-ին կետի համաձայն հարուցվել է քրեական գործ: