Ղազախստանի մայրաքաղաքում երեք ամսվա նորմայի չափով տեղումներ են եղել

12:57 • 29.01.20

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում երեք ամսվա նորմայի չափով տեղումներ են եղել, իշխանությունները վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով եղանակի կարճաժամկետ տեսության վարչության ղեկավար Ալուա Սախանովային:

Նուրսուլթանում հունվարի 27-ին ուժեղ քամու և մրրիկի պատճառով իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել: Հունվարի 29-ին քամիներն ու մրրիկը փոխարինվել են սառնամանիքով, դպրոցներում չեղարկվել են տարրական դասարանների դասերը։

«2020 թվականի հունվարը առանձնացավ ձյան առատ տեղումներով, ուժեղ մրրիկներով և անոմալ բարձր ջերմաստիճանով: Նորման  -14 աստիճանն է: Այսօրվա տվյալներով տեղումների քանակը կազմում է 50 մմ` 16 մմ նորմայի պարագայում: Վերջին անգամ այսպիսի առատ ձյան տեղումներ Ղազախստանում եղել էին 1964 թվականին»,-հայտարարել է Սախանովան:

Նրա խոսքերով փետրվարին նույնպես Ղազախստանում ձյունն ու մրրիկը հաճախակի կլինեն: