Իրավապահները պետք է ներկայացնեն պարզաբանումներ, վաղը ոստիկանապետի հետ հանդիպմանը հարցեր կհնչեցնենք այս թեմայով. Լիլիթ Մակունցը՝ «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելու մասին

13:16 • 29.01.20

Իրավապահները պետք է ներկայացնեն պարզաբանումներ, թե ինչ հիմքերով են գործողություններ ձեռնարկել, քանի դեռ իրավապահ մարմինները չեն ներկայացրել այդ հիմքերը, չեմ կարծում, թե գնահատական տալը ճիշտ է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երեկ հասարակական գործիչներին բերման ենթարկելու դեպքերին:

«Վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպելու է ոստիկանապետի հետ, հանդիպումը նախօրոք էր պլանավորած, այս հարցը նույնպես ուղղվել է ոստիկանապետին: Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, եթե նրանք կարծում են՝ իրենց իրավունքները ոտնահարվել է, ապա օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները, որ կարողանան պաշտպանել իրենց իրավունքները: Մինչ այդ մենք կսպասենք պարզաբանումների, իսկ այդ մասին հարցադրումներ հնչեցնելու ենք վաղը հանդիպման ժամանակ»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց, որ հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ ղեկավարը և նրա համար հասարակության համար հանրային ճանաչելի գործունեությունն սկսվել է հենց այդ պահին։ «Այդ ճանաչելիության համար նա պարտական է հեղափոխությանը, մասնավորապես, ՀՀ վարչապետին»,- ասաց նա:

Կոնջորյանը շեշտեց, որ դեռ պետք է հասկանալ՝ Վանեցյանի կողմից հնչեցրած հայտարարություններին վերաբերվել որպես ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարություններ, թե՞ ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարություններ։

«Քաղաքական հայտարարությունները, որ անում է Վանեցյանը, կարծում եմ, մակերեսային են, քանի որ նա չունի որևէ քաղաքական կապիտալ, նրա՝ մեզ հայտնի, հանրային գործունեությունը բացառապես տեղավորվել է ԱԱԾ ղեկավարի շրջանակներում»,-ասաց Կոնջորյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ավելացրեց. «Կարծում եմ, որ այլևս չպետք է անդրադառնանք Արթուր Վանեցյանի հայտարարություններին, որովհետև նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել, և երբ ԱԱԾ նախկին տնօրենը կհայտարարի այն մասին, որ զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլոր դիրքավորումները, և կհասկանանք Արթուր Վանեցյանին որպես ինչ ենք արձագանքում»։