Փարիզում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների բողոքի հերթական ցույցն է սկսվել
Փարիզի Իտալիա հրապարակում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների բողոքի հերթական ցույցն է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հերթական անգամ ցույցի հիմնական կազմակերպիչներից են եղել այնպիսի խոշորագույն միություններ, ինչպիսիք են CGT, FSU, FO, Solidaires:
Ավանդական կարգախոսներով և թոշակային համակարգը փոխելու կոչերով ուղեկցվող շարժումը ենթադրվում է, որ կավարտվի Վոբան հրապարկում` Հաշմանդամների Տան մոտ:
Այս պահին իրավիճակը հանգիստ է, իրավապահ մեծաքանակ ուժեր հետևում են անվտանգությանն ու կարգապահությանը:
Փարիզում երեքշաբթի օրը հրշեջները բողոքի ցույց էին անցկացրել, որի ընթացքում բախումներ էին եղել հրշեջների և ոստիկանների միջև:
Դեկտեմբերի 5-ին կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլի մեկնարկից հետո Ֆրանսիայում բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` տրանսպորտի աշխատողներ, իրավաբաններ, ուսուցիչներ և այլք: Ավելի քան մեկ ամիս շարունակվող գործադուլի հետևանքով զգալիորեն խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Չնայած բողոքի լայնածավալ ցույցերին` Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել բարեփոխումների ծրագրերից:
Անցյալ ուրբաթ Ֆրանսիայի կառավարությանն է ներկայացվել կենսաթոշակային օրենսդրության բարեփոխման նախագիծը:
Փետրվարին փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան:










