Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել

14:12 • 29.01.20

Ռուսաստանում վերջին տվյալների համաձայն նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությանը (Роспотребнадзор):

«Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) հիվանդներ չեն գրանցվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ստուգումների ընթացքում գրանցվել է սուր ինֆեկցիոն հիվանդությունների 139 դեպք:

Հունվարի 28-ից ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը օդանավակայաններում ստուգումներ է անցկացնում Չինաստանից վերադարձող ռուս զբոսաշրջիկների շրջանում: Ռուսաստանցիներն այդ ստուգումներին ըմբռնումով են մոտենում:

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 6000-ի, որից 132-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է: