Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Իդլիբի հարցով համաձայնագրերի պայմանները չկատարելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում սիրական Իդլիբի հարցում ստորագրված համաձայնագրով իր պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Վերջին օրերին Իդլիբում ուժեղացել են ռուսական աջակցությունը վայելող ռեժիմի հարձակումները: Ներկա դրությամբ Ռուսաստանը չի կատարում Աստանայի և Սոչիի համաձայնագրի պարտավորությունները: Մեր համբերությունն ավարտվում է: Մենք ասել ենք Ռուսաստանին, որ եթե դուք չդադարեցնենք ռմբակոծումները, մենք կանենք այն, ինչ հարկ ենք համարում»,-հայտարարել է թուրք առաջնորդը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն:










