Արցախում գործելու է 281 ընտրատեղամաս, ապահովվելու է ընտրությունների թափանցիկությունը, առողջ մրցակցությունը. Արցախի ԿԸՀ նախագահ (տեսանյութ)

20:06 • 05.02.20

Միանգամից երկու համապետական ընտրություններին ընդառաջ Արցախի Հանրապետության  ԿԸՀ-ում ծանրաբեռնված են, բայց լարված չեն, բոլոր նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԿԸՀ  նախագահ  Սրբուհի Արզումանյանը:

«Փորձի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հարթել տեխնիկական խնդիրները, որոնք ունեցել ենք նախկին ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ կազմակերպչական աշխատանքների ծավալը մեծ է, ներգրավված են ԱՀ  գրեթե բոլոր  գերատեսչությունները»,-մանրամասնեց նա:

Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 15-ը  ընտրատեղամասերը ամբողջությամբ կկազմավորվեն. գործելու է 281 ընտրատեղամաս, Երևանում՝ 1: Երևանի ընտրատեղամասում ընտրություն կկարողանան կատարել ԱՀ քաղաքացիները, որոնք   նախապես ՀՀ-ում  ԱՀ  ներկայացուցչություն համապատասխան դիմում կներկայացնեն:

Սրբուհի Արզումանյանը նաև հիշեցրեց, որ այսօր մեկնարկել է մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար վերջիններիս կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը:

«Մեկնարկի օրվա  դրությամբ պաշտոնական  առաջադրումներ  չկան: Առաջադրումների կտևեն մինչև փետրվարի 15-ը  ներառյալ»,-նշեց նա:

ԱՀ-ում  ընտրությունները անցկացվելու են լրամշակված, փոփոխված  ԸՕ-ով:

«ԸՕ-ն  փոփոխություններով, լրացումներով հանդերձ գործողության մեջ դրվեց 2020-ի  հունվարի 1-ին, դրան հաջորդեց ԿԸՀ-ի գրեթե 6  տասնյակ որոշումների ընդունումը, որոնք ավելի կոնկրետ  ընտրական  ընթացակարգերին վերաբերող նորմեր են: Ըստ այդմ էլ  կազմակերպվում են աշխատանքներ, նորույթները համահունչ են ԱՀ Սահմանադրությանը,  նախկինում դիտորդական առաքելություն իրականացրած  կազմակերպությունների  առաջարկություններին»,-նշեց նա:

Արբուհի Արզումանյանի խոսքով՝  ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020-ի փետրվար 8-ից սկսած Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար` ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

Սրբուհի  Արզումանյանն ասաց, որ ընտրական գործընթացները լինելու են թափանցիկ, հետևելու են քարոզարշավի ընթացքին, առողջ մրցակցությունը պահպանվելու է: