Վրաստանի Մառնեուլ քաղաքում նշել են քաղաքի բյուջեի «քառասունքը» (տեսանյութ)
Վրաստանի Մառնեուլ քաղաքում փետրվարի 4-ին ակտիվիստները քաղաքապետարանի մոտ հալվա են տարել, որպեսզի նշեն քաղաքապետարանի բյուջեի «քառասունքը»:
Մառնեուլի ռադիոյի թղթակցի հետ զրույցում ակտիվիստները նշել են, որ քաղաքապետարանի բյուջեն «մահացել» է ընդունման օրը` դեկտեմբերի 26-ին, իսկ դրանից քառասուն օր հետո իրենք հավաքվել են վերջնական հրաժեշտը տալու բյուջեին:
Ակտիվիստներից Ռաշան Զիադալիևը նշել է, որ քաղաքապետարանը 2020 թվականի բյուջեն ընդունել է առանց բնակչության ներգրավման և նրանց կարիքները հաշվի առնելու:
«2019 թվականի սեպտեմբերից քաղաքապետարանը սկսեց հանդիպումներ անցկացնել գյուղացիների հետ, և մենք էլ ակտիվորեն ներգրավվեցինք այդ գործընթացում: Գյուղերում ակտիվիստները տեղյակ չէին հանդիպումներից, և միայն տեղական ինքնակառավարման մարմինների աջակիցները գիտեին դրանց մասին»,-ասել է Զիադալիևը:
Ակտիվիստը նշել է նաև, որ բյուջեի քննարկմանը մասնակցել են միայն քաղաքապետարանի կողմից հրավիրված պաշտոնյաներն ու դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչները:
«Թող իրենք իրենց քառասունքն անեն: Նրանց արածն անդաստիարակություն է»,-ակցիային արձագանքել է քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն:
Գիորգաձեն նշել է, որ բյուջեի պլանավորման ընթացքում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ են ունեցել:










