Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում` պահանջելով փոխել ընտրական համակարգը

12:46 • 05.02.20

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները փետրվարի 5-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի առաջ` պահանջելով փոխել երկրի ընտրական համակարգը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք սկսել ենք բողոքի ակցիան, և այն չի ավարտվի, մինչև իշխանությունները չկատարեն իրենց խոստումը:  Ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, դրա համար մենք մինչև վերջ պետք է պայքարենք: Տեսնում եք, որ խորհրդարանի մոտ ժողովուրդ է հավաքվել, մենք «ամոթի միջանցքներ» ենք կառուցում, որոնցով պատգամավորները ստիպված են անցնել»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Կակո Լափաուրին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում 2019 թվականի աշնանից զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: