Ի նշան ավտոներկրման դժվարությունների հետ կապված մեր բողոքի՝ կիրակի ավտոերթ ենք անելու․ ավտոներկրողները պահանջեցին փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի հետ հանդիպում, սակայն նրանց ոչ ոք չմոտեցավ (տեսանյութ)

14:56 • 05.02.20

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են սկսել ավտոներկրողները։ Ակցիայի մասնակից «Հայ ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի համանախագահ Տիգրան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դեռ անցած տարվանից մեքենաներ են պատվիրել, սակայն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը մոտ 300 մեքենա չեն կարողացել ներկրել Բագրատաշենի մաքսատունը չբեռնաթափելու պատճառով և հիմա այդ ավտոմեքենաները մաքսատանն են։

«Մենք արդեն մի քանի գրություն ենք վարչապետին ներկայացրել, որպեսզի մեզ թույլ տան անցած տարի գնված, բոլոր փաստաթղթերը ունեցող մեքենաները ներկրենք Հայաստան։ Մոտ երեք շաբաթ է պատասխանին ենք սպասում և չենք ստանում»,- ասաց նա և հավելեց, որ այս իրավիճակը ավելի է լարում Ղազախստանի շուրջ ծագած խնդիրները։

Նա հիշեցրեց, որ այս տարածաշրջանից Ղազախստանի քաղաքացիների գնած մեքենաների 70 տոկոսի տերերը 3 օրով գրանցվել են ՀՀ քաղաքացիների բնակության հասցեներում, սակայն պարզվել է, որ մեքենաները գնվել են Վրաստանի քաղաքացիներից։ Ըստ նրա՝ հազարավոր գրանցումները Վրաստանի շուկայում ղազախներին են վաճառվել։

«Հայաստանն այսօր այն իրավիճակում է գտնվում, որ հարյուր հազարավոր մեքենաներ գտնվելով ԵԱՏՄ տարածքում, գույքահարկը թողել են մեր քաղաքացիների վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրը պետք է լուծվի նրանց հաշվառումից հանելով և իրենց երկիր տանելով։

«Մենք՝ հայերս էլ կռիվ էինք տալիս, ասում էինք՝ մեզանից առեք, հիմա որոշեցինք՝ մեր մեքենաները հունվարի 1-ից հետո վաճառել ԵԱՏՄ տարածքում, պարզվեց, որ մենք օրենքից դուրս ենք»,- շեշտեց նա։

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում նույնիսկ քաղաքացիներ են տուժել, որոնք ավտոներկրման գործով չեն զբաղվել։ «Հիմա այդ մարդիկ գաղտնի բան ունեն վարչապետին ասելու, լավ կլինի՝ Մհեր Գրիգորյանն իջնի, որպեսզի չբարձրաձայնենք, թե ինչ է կատարվել մաքսազերծման գոտիներում։ Ապօրինությունների վերաբերյալ բաներ ունեն ասելու։ Լավ կլինի՝ իջնեն ու խայտառակվեն վարչապետի դիմաց»։

Մանրամասները՝ տեսանյութում։