Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարին` պարզաբանելու հայկական «Սանասարյան տան» շուրջ զարգացող իրադարձությունները

09:48 • 05.02.20

Նախկինում Թուրքիայի հայ համայնքին պատկանած և հանրապետական Թուրքիայի կողմից բռնագրավված Sanasaryan Han` «Սանասարյան տուն» անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները շարունակվում են: Տեղի ունեցող զարգացումների շուրջ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Թրսոյին` պահանջելով որոշակի պարզաբանումներ տալ: Այս մասին տեղեկացնում է bianet.org կայքը:

Հայազգի պատգամավորը հարցադիմումի մեջ իր մտահոգություններն է հայտնել շենքի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ և ընդգծել է, որ շենքը հյուրանոց դարձնելու նպատակով վարձակալության է տրվել մասնավոր կասկածելի ընկերության, այն դեպքում, երբ դրա սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:

Փայլանը նշել է, որ հասարակության շրջանում հիմնավոր մտահոգություններ կան առ այն, որ շենքը հյուրանոց դարձնելու համար կատարվելիք նորոգման աշխատանքները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ շենքի համար:

Հայ պատգամավորը հետաքրքրվել է նախարարից, թե արդյոք իր ղեկավարած նախարարությունը հաշվի չի առնելու ընթացքի մեջ գտնվող դատական գործընթացը և հաստատելու է շենքի վարձակալությունը:

Փայլանն Էրսոյին հարցրել է նաև վարձակալության մրցույթը դռնփակ անցկացնելու պատճառների, մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած պայմանների, ինչպես նաև այն մասին, թե ինչ իրավական հարաբերություններ կարող են ունենալ Պոլսո Հայոց պատրիարքարանն ու մրցույթը շահած ընկերությունը, եթե դատարանը որոշի շենքի սեփականության իրավունքը փոխանցել պատրիարքարանին:

Ներկայում Թուրքիայի հիմնադրամների վարչության տրամադրության տակ գտնվող շենքը հունվարի 28-ին մրցութային կարգով 35 տարով վարձակալության է տրվել մասնավոր ընկերության, չնայած որ շենքի սեփականությունը Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:

«Սանասարյան տուն» շինությունը կառուցվել է 1881 թվականին Ստամբուլում` էրզրումահայ բարերար և վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Շենքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովելը:

Ստեղծումից հետո շենքի կառավարումը փոխանցվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքարանին: 1930-ականների կեսերին հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև` տնտեսական հարցեր քննող դատարան:

2018 թվականին դատարանը որոշում էր կայացրել շենքը վերադարձնել հայ համայնքին: Դատական գործի առաջին փուլում դատարանը մերժել էր համայնքի պահանջը, ինչից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան և շահել դատը: Սակայն Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով դատական որոշումը կրկին բեկանվել էր, և շենքի սեփականության իրավունքը փոխանցվել էր վարչությանը: