LG-ն կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է Mobile World Congress ցուցադրությանը մասնակցելուց

14:56 • 05.02.20

Աշխարհում էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի առաջատար արտադրողներից մեկը` LG Electronics հարավկորեական ընկերությունը, այս տարի կորոնավիրուսի հետ կապված ռիսկերի պատճառով որոշել է չմասնակցել Mobile World Congress (MWC) միջազգային խոշոր ցուցահանդեսին, ասվում է ընկերության պաշտոնական կայքում:

«Դիտարկելով մեր աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների անվտանգության հարցը` LG-ն որոշել է հրաժարվել այս ամսվա վերջին Բարսելոնայում կայանալիք MWC 2020-ին մասնակցությունից»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Դրա փոխարեն ընկերությունը մտադիր է մոտ ապագայում առանձին միջոցառումներ կազմակերպել նոր արտադրանքների ներկայացման համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Վերջին տվյալների համաձայն՝ մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը, մահացել է 490 մարդ, ևս մեկ մարդ մահացել է Հոնկոնգում: Ավելի քան 170 վարակման դեպք է գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս, որից 1-ը` մահվան ելքով:

Աշխարհում բջջային արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսը` Mobile World Congress-ը, 2006 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Բարսելոնայում: 2020 թվականին այն տեղի կունենա փետրվարի 24-27-ը: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդես կայցելի մոտ 109 հազար մարդ, մի քանի հազար ընկերություն` այդ թվում Ericsson, Facebook, Google, Huawei, Nokia, Qualcomm Technologies, Samsung, Sony, Microsoft և ZTE ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը: