Ռուսաստանում կաշառք ստանալու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված մարզպետն այժմ փափուկ խաղալիքներ կկարի գաղութում

11:33 • 05.02.20

Ռուսաստանի Դաշնության Կիրովի մարզի նախկին մարզպետ Նիկիտա Բելիխը, որն այժմ կաշառք վերցնելու համար իր պատիժն է կրում Ռյազանի գաղութներից մեկում, հայտնվել է Պատժի կրման դաշնային ծառայության տեսադաշտում, հայտնում է «Նովայա Գազետա» հրատարակությունը:

Տեղեկությունների համաձայն` վարչության կենտրոնական ապարատից ստուգիչ հանձնաժողովը թիվ 5 ուղղիչ գաղութ է ժամանել, որտեղ բացահայտել է, որ դատապարտված նախկին պաշտոնյան արտոնյալ պայմաններում է ապրում. Բելիխը, որն աշխատել է գրադարանում, տեղական չափանիշներով «շքեղ» հանգստի սենյակ է պատրաստել իր համար: 

Արդյունքում նրան տեղափոխել են փափուկ խաղալիքների ստեղծման արտադրամաս: Բելիխին նաև հիշեցրել են ջանասիրաբար աշխատելու անհրաժեշտության մասին, քանի որ դատարանի որոշմամբ նա պարտավոր է մի քանի միլիոն տուգանք վճարել:

Բելիխը ձերբակալվել է 2016-ի հունիսին Մոսկվայի ռեստորաններից մեկում` 150 հազար եվրո կանխիկ գումար ստանալիս: Քննությունը պնդում է, որ դա կիրովցի ձեռնարկատերերից վերցված 400 հազար եվրո ընդհանուր կաշառքի միայն մի մասն է եղել:

Բելիխի ձերբակալությունից հետո նրան հեռացրել են պաշտոնից: Կիրովի մարզը նա ղեկավարել է 2009 թվականից: 2018-ի փետրվարի 1-ին Մոսկվայի Պրեսնենսկիյ դատարանը նախկին մարզպետին դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Դատապարտյալը տուգանվել է նաև 48 միլիոն ռուբլի գումարի չափով: