Թրամփը Կոնգրեսի ամբիոնից դիմել է ահաբեկիչներին

10:35 • 05.02.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ամբիոնից դիմել է ահաբեկիչներին` հայտարարելով, որ վերջիններիս չի հաջողվի խուսափել ամերիկյան արդարադատությունից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ահաբեկիչների համար մեր ազդանշանը հստակ է. «Դուք չեք թաքնվի ամերիկյան արդարադատությունից: Եթե դուք հարձակվեք մեր քաղաքացիների վրա, կզրկվեք կյանքից»,-ասել է ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված երկրի դրության մասին ամենամյա ուղերձի ժամանակ:

Թրամփը որպես օրինակ է բերել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որին նա անվանել է «գլխավոր ահաբեկիչ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում` ԱՄՆ ավիահարվածի հետևանքով: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: