Եթե չեն դիմադրում, մենք ասֆալտին չենք պառկեցնում․ փոխոստիկանապետը՝ վերջին շրջանում բերման ենթարկելու գործողությունների մասին
Ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելը օրենքի սահմաններում է, կոնկրետ չափորոշիչներ ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ` Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների բերման ենթարկելուն։
Հարցին, թե եթե անձինք բերման են ենթարկվում ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը կեղծ է, ապա ինչն է բերման ենթարկելու իմաստը, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Գիտեք, օրենքն է սահմանում, եթե մենք ահազանգ ենք ստանում՝ անկախ անձից, ապա անպայման պետք է արձագանքենք, և օրենքի սահմաններում գործողություններ են իրականացվում։ Կարծում եմ ՝ այն ինչ արվել է, չի խախտել օրենքը»։
Փոխոստիկանապետը չցանկացավ արձագանքել այն մեկնաբանություններին, որոնք արվում էին նրանց իրականացրած գործողություններից հետո։ Հարցին, թե ի՞նչ պատասխան պետք է տալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն արտահայտությանը, որը խոստանում էր ոտքերը մաքրել իրավապահների վրա, Մովսիսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է իր գնահատականն ու տրամաբանական լուծումն ստանա։
«Ես հիմա չեմ կարող դա սպառնալիք գնահատել, հնարավոր է՝ դա զուտ էմոցիոնալ արտահայտություն է, բայց նման արտահայտությունները, իհարկե, ողջունելի չեն։ Դրանց մեր արձագանքել կամ չարձագանքելն այլ խնդիր է»,- նշեց նա։
Անդրադառնալով ընդդիմադիրներին ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելուն՝ փոխոստիկանապետը շեշտեց, որ գործողությունների իրավաչափություն կա, որով էլ իրականացվել են այդ գործողությունները։
«Այո, գոյություն ունի և՛ ուժի կիրառման տրամաբանություն, և՛ դրա չափի, ձևի, և՛ հրազեն օգտագործելու հնարավորություն»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք եթե բերման ենթարկվողը չի դիմադրում, կարելի է պառկեցնել ասֆալտին, պատասխանեց․ Եթե չեն դիմադրում, մենք ասֆալտին չենք պառկեցնում»։
Հիշեցնենք, որ երեկ բերման էր ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Նա կասկածվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, սակայն ավելի ուշ ազատ արձակվեց։










