ՀՊՄՀ-ում ներկայացվել է կրթության արդիականացման ևս մեկ ծրագրի արդյունքները (տեսանյութ)

17:29 • 06.02.20

Innostud.am կրթական հարթակ, 1 մուլտիմեդիոն լաբորատորիա, 2 հետազոտական լսարան՝ հագեցած տեխնիկական միջոցներով ու տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այսօր ամփոփվեցին 2017 թվականին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետում մեկնարկած  «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում՝ ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» ծրագրի արդյունքները:

Ծրագրի իրականացման ընթացքում վերապատրաստվել են դասախոսներ, փոփոխվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչները, վերանայվել մեթոդիկաների, մասնագիտական դասընթացները, տեղեկատվական տեխնոլոգիաների առարկաների նկարագրերը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում կարևորեց ծրագրի իրականացումը, որն ուղղված է տարրական կրթության որակի բարելավմանը:

«Այս ծրագիրն էլեկտրոնային բաղադրիչն օգտագործելու լայն հնարավորություններ է ընձեռում՝ ամուր կապ ստեղծելով համալսարանի և դպրոցների միջև»,-նշեց ռեկտորն ու, խոսելով համալսարանական կրթության վերաբերյալ հնչող քննադատությունների մասին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ ամենից կայացածը տարրական կրթության համակարգն է:

Ներկայացվեց նաև innostud.am կրթական հարթակը, որտեղ ներկայացված են տարբեր դասախոսների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների և կրտսեր դպրոցականների համար:

Ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը կարևորեց ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումները և ընդգծեց, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել նոր ժամանակների պահանջներին համահունչ մասնագետներ:

«Այն հնարավորություն կտա ուսուցման ընթացքում ներդնել ժամանակակից մեթոդներ, կիրառել կրթական նոր հարթակը, որն ինտերակտիվ կդարձնի դասապրոցեսը, ուսուցիչներին հնարավորություն կտա ավելի ակտիվ կազմակերպել ուսուցման գործընթացը և աշակերտներին ներգրավել ամենակարևոր՝ ուսուցման գործընթացին»,-հավելեց պրոռեկտորը:

Մասնագետները սովորել են՝  ինչպես ստեղծել էլեկտրոնային գրադարան, որը ներկայումս ունի ավելի քան 3000 փաթեթ, գործիքներ, վարժություններ: Դրանք կարող են կիրառել ինչպես նախադպրոցական հաստատությունների երեխաների, այնպես էլ տարրական դասարանների աշակերտների հետ աշխատանքում:

Ծրագիրը լայն հնարավորություններ է ընձեռում ապագա մանկավարժներին՝ սովորելու և սովորեցնելու աշխատել մուտիմեդիոն մեթոդներով: