«Կամուրջ» վարկային կազմակերպության հիմնադիրը հիմնադրամ է, այն չի կարող ունենալ սեփականատեր, հետևաբար չկա այն սուբյեկտը, որից հնարավոր է բիզնես խլել. պարզաբանում
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը պատասխանել է Tert.am-ի հարցմանը՝ կազմակերպության հիմնադիրների, տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո աղմուկ բարձրացրած Գագիկ Վարդանյանի և կազմակերպության կապի, ԱԱԾ-ում քննվող գործի մասին:
Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև.
-Ինչպիսի՞ կազմակերպություն է «Կամուրջ» վարկային կազմակերպությունը, ո՞վ վերջինիս հիմնադիրը, ե՞րբ է այն հիմնադրվել և ովքե՞ր են դրա սեփականատերերը:
-«Կամուրջ» լիցենզավորված և գրանցված ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որի հիմնադիրը «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ն է։ «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ն իր հերթին հիմնադրվել է ''Save the Children Federation Inc.'' կազմակերպության կողմից 2004թ. և զբաղվել է միկրովարկավորմամբ:
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (հետագա շարադրանքում՝ «Կամուրջ») սեփականատեր չունի և չի կարող ունենալ, հետևյալ պատճառներով.
«Կամուրջ»-ի հիմնադիրը, «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը ՀՀ օրենսդրության համաձայն, ունի հիմնադրամի կարգավիճակ։ Հիմնադրամների մասին ՀՀ և նախկինում գործող և ներկայումս գործող օրենքի համաձայն, հիմնադրամը շահույթի նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է և նրա լուծարման դեպքում վերջինիս ամբողջ գույքը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։
-Ի՞նչ կապ ունի Գագիկ Վարդանյանը՝ «Կամուրջ» վարկային կազմակերպության հետ:
«Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի Հիմնադրման պահից մինչև 10.05.2010թ-ը Գագիկ Վարդանյանը հանդիսացել է այդ հիմնադրամի տնօրեն։ Այնուհետև ազատվել է այդ պաշտոնից և անմիջապես նշանակվել է «Կամուրջ» տնօրեն։ Պաշտոնավարել է մինչև 2017թ․ փետրվար։ «Կամուրջ»-ի տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո դատական հայց է ներկայացրել այդ պաշտոնից իրեն անօրինական ազատելու հիմքով և բոլոր դատական ատյաններում վերջինիս հայցը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառով։
Բացի այդ, հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ հակառակ իր բազմաթիվ անհիմն պնդումների, հենց Գագիկ Վարդանյանի ոչ իրավաչափ գործողություններ են ստիպել, որ պետական մարմինները միջամտեն «Կամուրջ»-ի կառավարմանը։
Այսպես, ըստ որոշ տեղեկությունների, որոնք կարծում ենք առկա են նախաքննություն իրականացնող մարմնում, «Կամուրջ»-ի հիմնադրման փուլում, Գագիկ Վարդանյանը ինչ-ինչ անձնական շահագրգռվածությունից և նկատառումներից ելնելով, «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի կազմում փորձել է նշանակել իր վստահելի անձանց՝ շրջանցելով ''Save the Children Federation Inc.'' կազմակերպությունը։ Նշված պատճառով, ՀՀ կենտրոնական բանկը առաջին անգամ մերժել է «Կամուրջ»-ի լիցենզավորումը և գրանցումը։ Այնուհետև Գագիկ Վարդանյանի և ''Save the Children Federation Inc.'' կազմակերպության միջև տարաձայնությունները խորացել են և վերջինս դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ կենտրոնական բանկ, հայտնելով, որ դադարեցնում է միկրովարկավորմանն առնչվող իր գործունեությունը ՀՀ-ում և այլևս որևէ կապ չի ունենալու «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» և «Կամուրջ»-ի հետ։ Ստեղծված իրավիճակում «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը պետք է լուծարվեր և իր միջոցները պետք է փոխանցվեին ՀՀ պետական բյուջե։ Գնահատելով այն հանգամանքը, որ ''Save the Children Federation Inc.'' կազմակերպության կողմից ներդրված և «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» միջոցով տարիներ շարունակ հաջողությամբ իրականացվող միկրովարկավորման գործընթացը կարող է խաթարվել, իսկ «Կամուրջ»-ի միջոցով այն կարող է ավելի զարգանալ, պետությունը, ըստ էության, ստանձնեց «Կամուրջ»-ի կառավարման գործառույթը։ Բացառապես օրենքով սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվեց «Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ, որը իր հերթին նշանակեց հիմնական խորհուրդ։ Նշված խորհրդում ընդգրկվեցին տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ։ Այս ամենը թույլ տվեց մինչ այսօր շարունակել և զարգացնել «Կամուրջ»-ի գործունեությունը։ Վերջինս դարձավ կվազի պետական վարկային կազմակերպություն։
-ԱԱԾ-ում քննվող ի՞նչ քրեական գործի մասին է հիշատակում Գագիկ Վարդանյանը:
-ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը կապված է «Կամուրջ»-ի որոշ ղեկավարների կողմից կազմակերպության շահերին հակառակ գործողություններ կատարելու փաստերի առթիվ։ Այդ փաստերը ներկայումս ճշտման փուլում են։ Քանի որ նախաքննությունը շարունակվում է, դրա ընթացքին չվնասելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ չենք կարող հայտնել։ Միայն կարող ենք ասել, որ Գագիկ Վարդանյանը մամուլում իր ներկայացրած տեղեկությունները ներկայացրել է նաև նախաքննություն իրականացնող մարմին։ Հուսով ենք, որ նախաքննության ընթացքում վերջինիս կողմից տարբեր անձանց վերաբերյալ անհիմն պնդումները և, իբր, իրենից խլված բիզնեսի մասով անհեթեթ մեկնաբանությունները կհերքվեն։
Նշվածից կարող ենք եզրակացնել, որ
«Կամուրջ»-ի հիմնադիրը հիմնադրամ է, որը ՀՀ օրենսդրության համաձայն չի կարող ունենալ սեփականատերեր (մասնակիցներ), դրանց միջև բաշխվող շահույթ և հետևաբար չի կարող լինել այն սուբյեկտը, որից հնարավոր կլինի խլել բիզնես:
Գագիկ Վարդանյանը ինքն է ժամանակին փորձել դուրս մղել ''Save the Children Federation Inc.'' կազմակերպությունը, ինչը ըստ էության նրան հաջողվել է:
Պետական կառավարման մարմինների օրինական միջամտությունից հետո, Գագիկ Վարդանյանին չի հաջողվել հասնել միայն իրեն հայտնի նպատակներին:
Հաշվի առնելով մասնագիտական կարողությունները և ծավալվող միկրովարկավորման մանրունքներին տիրապետելու հանգամանքը՝ այնուամենայնիվ Գագիկ Վարդանյանին առաջարկվել է ստանձնել «Կամուրջ»-ի տնօրենի պաշտոնը։ Վերջինս առաջարկին տվել է իր համաձայնությունը և շուրջ 7 տարի ղեկավարել է «Կամուրջ»-ը՝ ստանալով բարձր աշխատավարձ և պարգևատրումներ։
Գագիկ Վարդանյանին «Կամուրջ»-ի տնօրենի պաշտոնից ազատելու հետ միաժամանակ խորհուրդը առաջարկել է նրան ստանձնել խորհրդի անդամի պաշտոնը, ինչից վերջինս հրաժարվել է և նախընտրել է դիմել դատարան։
Գագիկ Վարդանյանի ներկայիս ակտիվացումը ուղղված է միմիայն «Կամուրջ»-ը վարկաբեկելուն և տարբեր պաշտոնատար անձանց հասցեին իրականությանը չհամապատասխանող և զրպարտող հայտարարություններ անելուն։










