ԱԺ օրակարգից նախագիծը հետ կանչելու տեխնիկական խնդիրները կարող են վերաբերել ստորակետին, բութին. Վլադիմիր Վարդանյան

13:00 • 06.02.20

ԱԺ օրակարգից նախագիծը հետ կանչելու տեխնիկական խնդիրները կարող են վերաբերել ժամկետին, ստորակետին, բութին, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում նախատեսված պահանջներին: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի օրակարգից Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի հետկանչմանը:

«Եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որևիցե տեսակի, նույնիսկ տեխնիկական խնդիր, որը կարող է հետագայում խնդիրներ ստեղծել, օրինակ, իրավական որոշակիության առումով, նա պարտավորություն է կրում շտկել այդ սխալները: Սխալները շտկելու ընթացակարգերից մեկը նաև նախագիծը հետ կանչելն է, նորմալ ընթացակարգ է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ԱԺ էր ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծ, որին միացել էին ևս 36 պատգամավորներ: Քննարկում էր ծավալվել այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մասնավորապես, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չի միացել նախագծին:

«Ես ՀՀ-ում չեմ գտնվել և հնարավորություն չունեի ֆիզիկապես միանալ նախագծին: Երկրորդ՝ չեմ կարող հասկանալ և չեմ ուզում հասկանալ այս քննարկումը, որը ծավալվել է սոցիալական ցանցերում՝ թե ինչու են ստորագրել, կամ ինչու չեն ստորագրել: ԱԺ պատգամավորն իրավունք ունի միանալ կամ չմիանալ այս կամ այն նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Հարցին, թե հակասահմանադրականության խնդիր տեսնո՞ւմ եք Սահմանադրական փոփոխությունների նախագծում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ հակասահմանադրականության խնդիրներն ի հայտ են գալիս երկու պարագայում՝ կամ ի սկզբանե լինում են, կամ դրանք պարզվում են իրավակիրառ պրակտիկայի ընթացքում:

«Մենք գործ ունենք նախագծի հետ: Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ որևիցե փուլում, որևիցե գումարման ԱԺ-ի կողմից ընդունվել է նախագիծ, որը պարունակել է հակասահմանադրական նորմեր: Նախագիծը դեռևս չի էլ քննարկվել ԱԺ-ում և դուք արդեն մեկնաբանություններ եք տալիս: Հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան, կամ առնվազն լրջագույն խնդիրներ, որոնք կարող են կապված լինել Սահմանադրության այս կամ այն նորմի կիրառման հետ, չկան»,- նշեց նա:

Մեկ այլ հարցի, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ուղարկվելո՞ւ է ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Եթե օրենքն ընդունվի առաջին ընթերցմամբ, ապա այն պետք է անցնի բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով»:

Դիտարկմանը, որ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը նաև առաջարկում էր «Սահմանադրական դատարանի մասին օրենքում էլ փոփոխություն կատարել և եզրակացության համար չուղարկել ՍԴ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նշեց. «Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, հեղինակն այդ նախագիծն օրակարգից հանել է: Կարծես թե այդ նախագիծը հանվել էր և Սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր մնացել միայն օրակարգում»: