Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել. հրապարակվել է հարձակման հետ մղման տեսանյութը

09:59 • 06.02.20

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյունների ձայներ են լսվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը` սիրիական լրատվամիջոցներին հղումով:

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռային հարձակումը հետ են մղել, հաջողվել է «վերացնել հակառակորդի մի շարք կրակակետեր»:

Ըստ սիրիական լրատվամիջոցների` հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից:

Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել իր մասնակցությունը հարձակմանը:

Վերջին անգամ Դամասկոսը հրթիռային հարձակման էր ենթարկվել անցյալ տարվա դեկտեմբերին:

Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման օրվանից նրանք գտնվում են պատերազմական իրավիճակում: Մասնավորապես, երկու պետությունների միջև երկարամյա հակամարտություն է ընթանում Գոլանի բարձունքների կարգավիճակը որոշելու հարցում:

Իսրայելցի զինվորականները մեկ անգամ չէ, որ հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին` իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ իրենք չեն ցանկանում, որ թշնամու ձեռքում ժամանակակից զենք հայտնվի: Առաջին հերթին, խոսքը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է, որոնք իրենց ռազմական գործողություններով աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և ղեկավարվում են Թեհրանի կողմից:

Սիրիական SANA պետական գործակալությունը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի` հրթիռային հարձակման հետ մղման կադրերը: