Կանադացին ամուսնալուծությունից հետո կնոջն ու երեխաներին ալիմենտ չվճարելու համար 1 միլիոն կանադական դոլար է այրել. Ottawa Citizen

16:44 • 06.02.20

Կանադայի մայրաքաղաք Օտտավայի` Բրյուս Մաքքոնվիլ անունով բնակիչը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ մեկ միլիոն կանադական դոլար է այրել, քանի որ չի ցանկացել, որ գումարը հասնի իր նախկին կնոջն ու երեխաներին: Դատարանը տղամարդուն դատապարտել է 30-օրյա բանտային կալանքի, հայտնում է Ottawa Citizen հրատարակությունը: 

Օտտավայի քաղաքապետի նախկին թեկնածու 55-ամյա գործարարը կնոջ հետ ամուսնալուծության գործընթացի ժամանակ կտրականապես հրաժարվել է կատարել ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու մասին դատավորի խնդրանքը:

Դատարանին հայտնի է դարձել, որ ձեռնարկատերն առանց կնոջը տեղյակ պահելու վաճառել է ամբողջ ունեցվածքը, բանկային հաշվից ավելի քան մեկ միլիոն կանադական դոլար է հանել և, իբր, այրել է այն: Այս քայլին նա գնացել է կնոջն ու երեխաներին ալիմենտ չվճարելու համար:

Գերագույն դատարանի դատավոր Քևին Ֆիլիպսը չի հավատացել Մաքքոնվիլի խոսքերին և մեղադրել է նրան դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Ֆիլիպսն ընդգծել  է, որ բոլոր դեպքերում գործարարը մեղավոր է, որ երկու երեխաների բարեկեցության մասին հոգ չի տարել:

Ունեցվածքը թաքցնելու փորձի համար Մաքքոնվիլը դատապարտվել է 30-օրյա բանտային կալանքի:  

Միևնույն ժամանակ, դատարանը կանադացուն ֆինանսական միջոցների մասին տվյալների ներկայացման կարգադրանքի կատարումը հետաձգելու յուրաքանչյուր օրվա համար տուգանք է սահմանել: Յուրաքանչյուր օրվա համար սահմանվել է 2000 կանադական դոլարի չափով տուգանք, որը տղամարդը պետք է միանգամից կնոջը վճարի: