Չինաստանում նորածինը դարձել է կորոնավիրուսի ամենափոքր վարակակիրը. առայժմ հայտնի չէ՝ ինչպես է նա վարակվել

11:37 • 06.02.20

Փետրվարի 2-ին Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ եկած երեխան դարձել է նոր տեսակի կորոնավիրուսի ամենափոքր վարակակիրը, հայտնում է bbc.com-ը՝ հիշեցնելով, որ Ուհանը մահաբեր վարակի համաճարակի էպիկենտրոնն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան ծննդաբերելը, նորածնի մոր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Առայժմ հայտնի չէ՝ ինչ եղանակով է վարակը փոխանցվել փոքրիկին՝ արգանդում գտնվելու ժամանակ, թե ծննդաբերությունից հետո:

Նշվում է, որ 3,25 կգ քաշով ծնված երեխան այժմ կայուն վիճակում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ չինական լրատվամիջոցների՝ նորածնի մոտ վարակն ախտորոշվել է լույս աշխարհ գալուց 30 ժամ անց:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը դարձել է 563 մարդու մահվան պատճառ, ներկայում կա 28 018 վարակակիր:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: