«Երբ ինքնաթիռը մոտեցավ թռիչքուղուն, սկսեց ուղղակի ընկնել». Ստամբուլում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորը պատմել է տեղի ունեցածի մասին (լուսանկարներ)
Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում վթարի ենթարկված ինքնաթիռի վիրավոր ուղևոր 36-ամյա Յունուս Էլմաջըն պատմել է վթարի մասին: Այս մասին տեղեկացնում է sabah.com.tr կայքը:
Թեթև վնասվածքներ ստացած Էլմաջըն պատմել է, որ դեպքից հետո ինքն ինքնուրույն է լքել տարածքը և գնացել հիվանդանոց:
«Մենք վախենում էինք, բոլորս էինք վախենում, առաջին անգամ էր մեզ հետ նման բան լինում: Երբ ինքնաթիռը մոտեցավ թռիչքուղուն, սկսեց ուղղակի ընկնել: Այն ճոճվում էր, հետո ամեն ինչ տեղի ունեցավ 2-3 վայրկյանում: Ինքնաթիռն ընկավ և երկու մասի բաժանվեց: Ես թևի մոտ էի նստած, դուրս եկա ետևի դռնից: Մի քանի հոգով որոշ ուղևորների էլ օգնեցինք դուրս գալ: Ուղևորների մի մասը դուրս եկան դռներից, մյուս մասն էլ ինքնաթիռի կիսվելու տեղից: Ես լավ էի ինձ զգում, կանգնած էի, միայն հիվանդանոց գալուց և հանգստանալուց հետո սկսեցի ցավեր զգալ ծնկի և կրծքավանդակի հատվածում»,-պատմել է ինքնաթիռի ուղևորը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իզմիրից Ստամբուլ ժամանած ինքնաթիռը Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բռնկվել: Դեպքի հետևանքով երեք մարդ է մահացել:



































