«Պաշտում եմ ձեզ». Բրեդ Փիթն իր առաջին «Օսկար» մրցանակը նվիրել է երեխաներին

12:49 • 10.02.20

Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը պարգևատրվել է որպես երկրորդ պլանի լավագույն դերասան («Մի անգամ Հոլիվուդում»):

Ինչպես նշում է Daily Mail-ը, 56-ամյա դերասանը բաղձալի արձանիկը ստանալուց հետո հանդես է եկել շնորհակալական ուղերձով, որում հայտնել է, որ իր առաջին «Օսկար»-ը նվիրում է վեց երեխաներին:

«Սա երեխաներիս համար է: Նրանք գույներ են հաղորդում այն ամենին, ինչ ես անում եմ: Ես ձեզ պաշտում եմ»,-բեմից ասել է դերասանն ու օդային համբույր ուղարկել:

Նշենք, որ Փիթը դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ ամուսնությունից ունի վեց երեխա, որից երեքն իր կենսաբանական զավակներն են, իսկ մյուս երեքը որդեգիր են:

Նախկին զույգն ամուսնալուծությունից հետո այժմ լուծում է երեխաների խնամակալության հետ կապված հարցերը:

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Բրեդ Փիթը կատակել է` հիշատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված պաշտոնանկության գործընթացը:

«Նրանք ինձ ասացին, որ ես 45 վայրկյան ունեմ, ինչը 45 վայրկյանով ավելի է նրանից, ինչ այս շաբաթ Սենատը տվեց Ջոն Բոլթոնին»,-ասել է Փիթը:

Խոսքն ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է, որը կարող էր կարևոր վկա լինել Թրամփի պաշտոնանկության գործում, սակայն Սենատը նրան չէր հրավիրել:

«Պաշտում եմ ձեզ». Բրեդ Փիթն իր առաջին «Օսկար» մրցանակը նվիրել է երեխաներին