Այստեղ կյանքի ու մահվան հարց չկա. ԲՀԿ-ն հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի քաղխորհրդի նիստից հետո
Տարատեսակ ենթադրություններով չենք առաջնորդվելու, այսօր` ժամը 16:00-ին, տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին իրենց դիրքորոշմանը: «Այստեղ կյանքի ու մահվան հարց չկա, եթե դիտարկում ենք իշխանության բերած հարցը»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ամեն դեպքում իրենք հավատարիմ են մնալու իրենց քաղաքական սկզբունքներին և արդեն հայտնած դիրքորոշումներին:
«Մենք շեշտել ենք, որ մենք հանրաքվեի գաղափարին դեմ չենք, կողմ ենք, բայց հանրաքվեին հասնելու համար կա իրավական ճանապարհ, որը մենք պետք է անցնեինք շատ գրագետ, անխոցելի և անթերի, չենք կարող խուսափել Սահմանադրության համապատասխան հոդվածներից և ԱԺ կանոնակարգ օրենքի հոդվածներից: Այո՛, մենք էլ ենք նպատակահարմար գտնում ՍԴ ուղարկել փաստաթուղթ, որն ինքնալուծարման մասին է: Խնդիր կա, դրա համար էլ մնացել են դահլիճում, 24 ժամ դուրս չենք եկել, տեսնենք՝ ինչ կերպ ենք խնդիրը լուծում»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը նկատեց, որ այս հարցում իրավական թնջուկ կա, որը պետք է հաղթահարել: Նա նաև ասաց, որ որևէ խնդիր չէր լինի, եթե սպասեին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին:
«Այսինքն՝ գաղափարին կողմ ենք, բայց ճանապարհին, որ հասնենք դրան, այդտեղ խնդիր ենք տեսել, դրա համար չենք մասնակցել քվեարկությանը, բայց մի անհանգստացեք, մենք գնացքից չենք ուշանում»,-ասաց նա: Նա նշեց, որ ԲՀԿ-ն որևէ հարցում իրեն կաշկանդված չի զգում: «Երբեք որևէ բանով կաշկանդված չենք եղել, հեղափոխությունների ժամանակ ուժերը դուրս են մղվում, գալիս են նոր ուժեր, ԲՀԿ-ն իր տեղն էլ մնացել է, և դրանից հետո էլ մնալու»,-ասաց նա:










