The Weeknd-ն իր նոր ալբոմի գլխավոր երգն է ներկայացրել հանրության դատին (տեսանյութ)
Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Մաքքոնեն Տեսֆայե) համացանցում իր After hours անվանումով նոր ալբոմի համանուն գլխավոր երգն է ներկայացրել հանրության դատին: Երգիչը ստեղծագործությունը հրապարակել է YouTube ծառայության իր տեսաալիքում:
Երաժիշտը մի աղջկա մասին է երգում, որի հետ, ըստ երևույթին, հարաբերությունները փակուղի են մտել, իսկ հիմա նա ափսոսում է դրա համար:
«Ո՞ւր ես հիմա, երբ այդքան ինձ պետք ես: Ես ամեն բան կտայի, որ կողքիս լինեիր»,- ասվում է երգում:
Հայտնի է, որ ալբոմում ներառված կլինի 14 ստեղծագործություն, որոնց թվում նաև Heartless («Անսիրտ») երգը, որը գլխավորել է Billboard Hot 100-ը, և Blinding Lights-ը, որը գրավել է Մեծ Բրիտանիայի երաժշտական չարտերը:
Այս երգերի տեսահոլովակները նույնպես բավականին հաջող են եղել: Այսպես, Heartless երգի տեսահոլովակը YouTube սոցիալական կայքում ավելի քան 45 միլիոն դիտում է հավաքել, իսկ Blinding Lights-ը` 72 միլիոն:
The Weeknd-ն իր նախորդ` Starboy ալբոմը հանրությանն էր ներկայացրել 2016 թվականին: 2018 թվականին այս աշխատանքի համար երգիչը «Լավագույն ժամանակակից ուրբան-ալբոմ» անվանակարգում արժանացել է «Գրեմմի» մրցանակի:










