HBO-ն հայտարարել է «Ընկերները» հեռուստասերիալի նոր հատուկ սերիայի թողարկման մասին
Հյուսիսամերիկյան HBO հեռուստացանցը հայտարարել է հայտնի ու սիրված «Ընկերները» հեռուստասերիալի նոր հատուկ սերիայի թողարկման մասին: Այն կցուցադրվի 2020 թվականի մայիսին HBO Max հոսքային ծառայության եթերում, հայտնում է WarnerMedia կայքը:
Հայտնի է, որ ամբողջական աստղային կազմն էկրաններ կվերադառնա` Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Մեթ Լեբլանը, Դևիդ Շվիմերը և Մեթյու Փերին: Նկարահանումների համար նրանցից յուրաքանչյուրը 2,5 միլիոն դոլար կստանա: Հնարավոր է, որ հերոսների վերամիավորմամբ թողարկումը խոսակցական շոուի ձևաչափով ներկայացվի:
Այն մասին, որ HBO-ն որոշել է նկարահանել «Ընկերները» հետուստասերիալի շարունակությունը, հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն HBO-ն և Warner Bros.-ը հրաժարվել էին մեկնաբանել լուրերը: Դերասաններն ու ռեժիսորները կտրուկ հերքել էին 10 սեզոնի ընթացքում հեռուստադիտողներին զվարճացրած հեռուստասերիալի վերսկսման ցանկացած հնարավորություն:
«Ընկերները» ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ է վեց ընկերների մասին: Այն իր ժանրում ճանաչվել է ամերիկյան հեռուստատեսության լավագույն նախագծերից մեկը և արժանացել է «Էմմի» 6 և «Ոսկե գլոբուս» մրցանակի: Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 1994 թվականի սեպտեմբերի 22-ին:










