Մարտին Սկորսեզեն հուզիչ նամակ է գրել «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսորին

06:14 • 22.02.20

«Իռլանդացին» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հուզիչ նամակ է գրել «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոյին, որի ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է 4 մրցանակի: Այս մասին հայտնում է NME-ն:

«Այսօր առավոտյան կարդացի այն նամակը, որն ինձ էր գրել «Իռլանդացին» ֆիլմի ռեժիսորը: Չեմ կարող ասել նամակի բովանդակության մասին, քանի որ այն շատ անձնական է, բայց վերջում գրված էր. «Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի ստացվեց: Այժմ հանգստացեք, բայց ոչ շատ երկար»,- պատմել է «Մակաբույծի» ռեժիսորը և հավելել, որ Սկորսեզեն նաև գրել է, որ սպասում է իր հաջորդ ֆիլմին:

«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալիս հարավկորեացի ռեժիսորը նշել էր, որ Սկորսեզեն իր վրա մեծ ազդեցություն է թողել: «Երիտասարդ տարիքում, երբ նոր էի մտել կինոաշխարհ, այս խոսքերն իմ սրտի մեջ մտան` ամենաանձնականն ամենաստեղծագործականն է: Դա Սկորսեզեի խոսքերն են»,- նշել էր ռեժիսորն ու արժանացել ներկաների բուռն ծափահարությանը:

Հիշեցնենք, որ Պոն Չժուն Հոյի աշխատանքն այս տարի հաղթել է 4 անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն յուրահատուկ սցենար», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:

Մարտին Սկորսեզեն հուզիչ նամակ է գրել «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսորին