«Եվրատեսիլ 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին AD պարբերականին հայտնել է հոլանդացի վարակաբան Աբ Օստերհաուն:
«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ մրցույթը կարող է չկայանալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիճակում կգտնվի կորոնավիրուսի համաճարակը «Եվրատեսիլից» անմիջապես առաջ: Թեև մենք կարող ենք հաղթել վիրուսին, ինչպես 2013 թվականին եղավ SARS-ի դեպքում»,- հայտարարել է նա:
Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ համաճարակի պայմաններում դիտարկվում են մրցույթի անցկացման կարգի սահմանափակումների մի շարք տարբերակներ:
«Հնարավոր է, որ սահմանափակումներ մտցվեն շոուի այցելուների թվի առումով, կամ այն տեղի կունենա դատարկ բեմահարթակում, կամ առանձին հեռուստատեսային ստուդիայում: Ամեն դեպքում պետք չէ վաղաժամ խոսել «Եվրատեսիլ 2020»-ի անցկացման հետ կապված հնարավոր խնդիրների մասին: Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպիչներն ու ներկայացուցիչներն ուշադիր հետևում են կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի 65-րդ անգամ: Մրցույթը տեղի է ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում:










