«Աշխարհի հնագույն, գրեթե 5000 տարվա վաղեմություն ունեցող սրերից մեկը պահվում է Մխիթարյան միաբանությունում․ Daily Mail
Նոր հետազոտության համաձայն՝ աշխարհի հնագույն սրերից մեկը, որը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող թանգարանում, մոտ 5000 տարեկան է, գրում է Daily Mail-ը։
Աշխարհի մյուս հնագույն զենքից տարբերվող հազվագյուտ սուրը պատրաստվել է մ. թ. ա. 3000-ին, սակայն թյուրիմացաբար պահվել է միջնադարյան հավաքածուի մեջ։
Սուրը նկատելուց հետո ասպիրանտուրայում սովորող տեղացի ուսանողուհի Վիտորիա Դալլ Արմելլինան և հնագույն սպառազինությունների փորձագետը նպատակ են դրել ճշգրիտ հետազոտություն իրականացնել՝ որոշելու համար սրի ծագման տարեթիվը։
Սուրը կարող է արարողակարգային առարկա կամ զենք լինել, որն օգտագործվում էր մարտում, ենթադրում են հետազոտության մասնակիցները։
Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի ուսանողուհին սուրը տեսել է Վենետիկի ծովածոցում գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վանքի՝ միջնադարյան առարկաներով շրջապատված փոքրիկ պահարանում։ Այն գրավել է ուսանողուհու ուշադրությունը, որը ժամանակին անձամբ հնագույն Մերձավոր Արեւելքում սրերի ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել։
Աղջիկը նկատել է, որ այն նման է Թուրքիայի ժամանակակից Արսլանտեպե արքայական պալատում հայտնաբերված սրերին։
Նմանատիպ սրեր հայտնաբերվել են Արևելյան Անատոլիայի համեմատաբար փոքր տարածաշրջանում՝ Եփրատի բարձր հոսքի և Սև ծովի հարավային ափին: Ենթադրվում է, որ այն 19-րդ դարի երկրորդ կեսին Տրապիզոնից տեղափոխվել է Վենետիկ։













