Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել է կորոնովիրուսի պատճառով
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի պրեմիերան կորոնավիրուսի բռնկման ֆոնին գարնանից հետաձգվել է մինչև 2020թ. նոյեմբերը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավելի վաղ «007 գործակալի» մասին ֆիլմաշարի երկրպագուները MI6-hq.com կայքում դիմել էին պրոդյուսերական ընկերություններին՝ խնդրելով հետաձգել «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի պրեմիերան Մեծ Բրիտանիայում:
«MGM, Universal ընկերությունները և ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բարբարա Բրոկոլին հայտարարել են, որ ուսումնասիրելով կինովարձույթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը՝ որոշել են հետաձգել ֆիլմի պրեմիերան մինչև 2020թ. նոյեմբեր»,- ասվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, բրիտանական հետախուզության հայտնի գործակալի մասին պատմող ֆիլմի 25-րդ մասը Մեծ Բրիտանիայում էկրան կբարձրանա նոյեմբերի 12-ին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 25-ին:
Նոր տեսակի կորոնավիրուսը 2019թ. վերջին սկսել է տարածվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Հիվանդության բռնկման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 80 000-ը, մահացել է 2956 մարդ: Համաշխարհային մակարդակով վարակվածների թիվը գերազանցում է 94 000-ը, մահացել է 3214 մարդ: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում բուժվել է 51 026 մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը տարածվել է 72 երկրում:










