Ռոտերդամում շարունակում են պատրաստվել «Եվրատեսիլ»-ին` չնայած կորոնավիրուսի տարածմանը
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) շարունակում է պատրաստվել Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին` չնայած Նիդեռլանդներում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է EBU-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեյվ Գուդմանը:
«Իհարկե, EBU-ն ուշադիր հետևում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ձեռնարկում է անվտանգության և առողջության պահպանման հետ կապված բոլոր անհրաժեշտ միջոցառումները` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համաձայն...Մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանն ամբողջ Եվրոպայի տարածքում և դիտարկում ենք տարբեր հնարավոր սցենարներ «Եվրատեսիլ-2020»-ի առաջատար հեռարձակողների` NPO-ի, NOS-ի և AVROTROS-ի հետ համատեղ»,- ասել է նա:
Գուդմանը նշել է, որ ներկա պահին շատ վաղ է մեկնաբանել, թե այդ սցենարներից որը կօգտագործվի, «քանի որ ամեն ինչ կախված է առաջիկա ամիսներին իրադարձությունների զարգացումից»:
«Եվրատեսիլ-2020»-ը պետք է անցկացվի մայիսի 12-16-ը Ռոտերդամում: Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Աթենա Մանուկյանը:










