Պետք է բացառենք հուշարձանը վնասելու հնարավորությունը. Հնագիտության ինստիտուտը ուսումնասիրություններ է կատարում Արտաշատի բլուրների վրա, որտեղ հյուրանոց պետք է կառուցվի

14:57 • 09.03.20

Թյուրիմացաբար, կամ չգիտես՝ ինչպես Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հողերի վրա կառուցապատման թույլտվություն են տվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար: 

Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականից այդ տարածքներում պեղումներ է արել:

«Այդ հուշարձանը մեր ինստիտուտն է գտել և շարունակում է ուսումանասիրել ամեն տարի: Ժամանակին պահպանական շատ մեծ չափերով գոտի կար, պետության կողմից պահպանվող տարածք, որն իրավունք չունեն որևէ բան անել: 2010 թվականին կամ գուցե ավելի վաղ, այդ պահպանական գոտում փոփոխություններ են կատարվել և այդ տարածքները, որ այսօր գյուղի մոտ են, այդ բլուրները, որտեղ Գևորգ Չաուշի արձանն է դրված, պահպանական գոտուց դուրս են մնացել, իսկ թե ինչ հիմնավորումներով, մենք չգիտենք»,- ասաց նա:

Նշենք, որ պատմական Արտաշատը կառուցված է եղել 15 բլուրների վրա, որոնցից երկուսը ուզում են տալ Արարատի մարզպետի համագյուղացուն՝ հյուրանոց կառուցելու համար:

«Հիմա այդ տարածքները տվել են ինչ-որ կառուցապատման՝ ելնելով նրանից, որ դրանք պահպանական գոտուց դուրս են, թղթի վրա հուշարձանի տարածք չեն, այդպես երևի թե թյուրիմացաբար, կամ չգիտես ինչպես տվել են թույլ տվել կառուցապատում անեն»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այս պահին էլ իրենց արշավախումբն այնտեղ է՝ գյուղապետի հետ, միասին նորից նայում են տարածքները. «Դա իրականում հին քաղաքի տարածք է:  Ճիշտ է՝ դեռևս խորհրդային իշխանության տարիներին բլուրներից մեկը պայթացրել են և որպես քարհանք են օգտաագործել, բայց բոլոր դեպքերում միջբլուրային տարածքում շերտեր կան: Հիմա ուսումնասիրում ենք, այսօր այնտեղ կգա նաև ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ինքն էլ կնայի, որից հետո կհասկանանք, թե ինչ է կատարվել, ինչ է անհրաժեշտ անել, որ խնդիրն ուղղենք»,- ասաց նա:

Նա նկատեց, որ կառուցապատման թույլտվություն տալու ժամանակ ոչ թե կանչել են մասնագետներ իրենց ինստիտուտից, այլ առաջնորդվել են այդ թղթերով, որ պահպանական գոտուց դուրս տարածք է,  և անզգուշորեն նման որոշում են կայացրել:

Իսկ թե հնագիտության ինստիուտը ի՞նչ է հայտնաբերել պեղումների արդյունքում այդ վայրերից, Ավետիսյանը նշեց, որ կոնկերտ այդ տարածքում ստուգողական պեղումներ են եղել, որևէ նպատակ չի դրվել, բացի նրանից՝ հասկանալու համար այդտեղ շերտեր կա՞ն, թե ոչ:

«Դաշտի մակարդակում շերտեր կան, բլուրների վրա ոչինչ չի պահպանվել, մի բլուրն էլ, ինչպես ասացի՝ պայթացրել են: Հիմա պետք է տեղում հասկանանք, թե ինչ տարածքների մասին է խոսքը, որտեղ  են կառուցապատման թույլտվություն տվել, արդյոք ավերված բլուրի՞, թե շերտերի վրա: Պետք է հասկանանք այս հարցերը, որ բացառենք հուշարձանին վնաս տալու հնարավորությունը: Որոշ ժամանակ հետո կհասկանանք, թե ինչ է կատարվել»,- ասաց նա և ընդգծեց, որ անկախ նրանից, թե այդ երկու բլուրներում շերտ կա, թե ոչ, անկախ նրանից, թե խորհրդային իշխանության տարիներին ինչ են արել և այլն, իրականում դա հուշարձան է, պատմական քաղաքի տարածք է, Լուսառատ գյուղն էլ պատմական քաղաքի վրա է կառուցված:

Հարցին էլ՝ ինստիտուտի ուսումնասիրող խումբն իր նախաձեռնությա՞մբ է գնացել տարածքն ուսումնասիրելու, թե պատկան մարմիններն են ասել, նա պատասխանեց. «Այնտեղ հիմա գերմանացիներ էլ կան, բայց դա ուղղակի համընկավ, մենք իմացանք, որ այդպիսի բան կա, զանգեցին ինստիտուտ, ասացին՝ դուք ի՞նչ կարծիքի եք, մենք էլ պատասխանեցինք՝ մենք այնտեղ ենք, ուսումնասիրում ենք»:

Պավել Ավետիսյանն ընդգծեց, որ այսօր թղթի վրա այդ տարածքը հուշարձան չի համարվում, պահպանական գոտուց դուրս է, թղթով եթե նայում ես, դուրս է, կարող ես ինչ որոշում ասես, կայացնես, իրական հուշարձանակիր տարածքը փոքրացվել է ժամանակին, դրա համար տվել են կառուցապատման թույլտվություն:

«Մեզ համար պարզ է, որ այդտեղ հուշարձան կա, շերտեր կան, անթույլատրելի է, որ այդ շերտերն ավերվեն, բացի դրանից այդ երկու բլուրներն էլ այդ 15 բլուրների մաս են, Արտաշատը կառուցված էր այդ բլուրների վրա, թեև ասում եմ՝ այսօրվա Լուսառատ գյուղը նորից այդ քաղաքի տարածքի վրա է, այնտեղ, երբ մարդիկ հողամասերում, այգիներում աշխատում են, հաճախ ինչ-որ բաներ գտնում են, որովհետև հին քաղաքի տարածքի վրա են»,- շեշտեց նա:

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ մի քանի օրից իրենց ուսումնասիրությունների արդյունքը հայտնի կլինի և իրենք կասեն՝ արդյոք այդ տարածքը հուշարձանի տարածք է, թե ոչ: