«Ամերիա» խորհրդատվական ծառայությունը հրապարակում է ՓՄՁ հետազոտությունը

18:29 • 10.03.20

Հրապարակվեց «Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը՝ ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի մասին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հետազոտությունը համարեց ուղեցույց, նշելով՝ այն տարբերվում է դասական վիճակագրությունից, քանի որ բացի թվերից ներառում է անձնական սպասումներ, ակնկալիքներ ու կարծիքներ:

«Կառավարությունում արդեն քննարկվում է ՓՄՁ-ների զարգացման հնգամյա ռազմավարությունը: Այսօր արտադրողականությունը մեկ աշխատակցի առումով մոտ 8 մլն դրամ է, մեր հնգամյա պլանի արդյունքում ակնկալում ենք հասնել 12 մլն դրամի։ Մենք կարևորում ենք ոչ թե քանակական աճը, այլ՝ որակական: Մենք թիրախավորել ենք խնդիրները՝ բաժանել ՓՄՁ-ներն ըստ խնդիրների՝ շուկայի ու ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, կարողությունների զարգացում: Հետազոտությունը ներկայացնում է ՓՄՁ-ների ակնկալիքները: Մենք նպատակ ունենք ձեռնարկատերերի համար այդկերպ ստեղծել արդյունավետ միջավայր»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

«Ամերիա» ընկերությունն իրականացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները։

Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով։

Հետազոտության համար դիտարկվել են Հայաստանի առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1-ը՝ փոքր, իսկ մոտ մեկ տոկոսը՝ միջին։

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ իրականացվել է 2013թ.: Այս հետազոտության նպատակն է՝ բացահայտել ոլորտում նոր զարգացումները և ի հայտ եկած խնդիրները:

«Ամերիա» ՓԲ ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ փոքր և միջին ձեռնարկատերերը կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ՝ ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում և այլն: Համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ՝ ոչ նյութական ակտիվները կամ շենք-շինությունները:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ինչպես նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Լրագրող՝ Լուսինե Զարայելյան

Լուսանկարիչ՝ Էլեն Գասպարյան