ՓՄՁ-ները բանկի հետ գործակցությունից գոհ են. «Ամերիա» ընկերությունը հետազոտություն է կատարել
«Ամերիա» ՓԲԸ-ն իրականացրել է արդեն երկրորդ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որն այսօր ներկայացվեց հանրությանը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատել ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարը: Սա ձեռնարկ է և՛ ոլորտին օժանդակող կառույցների, և՛ ՓՄՁ-ների համար:
«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ հետազոտությունն անհրաժեշտ է ՓՄՁ ոլորտի զարգացմամբ զբաղվող հաստատություններին՝ բանկերին, ապահովագրական ընկերություններին, միջազգային ֆինանսական ընկերություններին, խորհրդատվական և այլ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներին, որպեսզի տեղյակ լինեն, թե ինչ պահանջարկ կա երկրում:
Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում եւ Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1 տոկոսը՝ փոքր, իսկ մոտ 1 տոկոսը՝ միջին:
«Հետազոտությունը կատարելիս մենք խնդիր ունեինք հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում փոքր և միջին ձեռնարկատերերը, բացահայտել նրանց սպասումները: 2018-ի համեմատ 2019-ին փոքր և միջին ընկերություններն արձանագրել են ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն: 2013 թվականի համեմատ ՓՄՁ-ների քանակն ավելացել է՝ մոտ 4000-ով, սա չի նշանակում, որ հենց այդքան նոր ձեռնարկություններ են ստեղծվել․ պետք է հաշվի առնել ՝ որոշները լքել են դաշտը: Հետազոտության արդյունքում պարզել ենք, որ ՓՄՁ-ները պատրաստ չեն նոր՝ երկարաժամկետ ներդրումների, իսկ ոլորտը կարգավորող օրենքն ունի տարբեր ձևակերպում կախված պետական մարմնի գործունեությունից՝ ՊԵԿ, բանկ և այլն»,- նշեց Ջրբաշյանը։
Նա ընդգծեց, որ սխալ է ընկալվում նաև ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու երևույթը. «Ձեռնարկատիրություն ենթադրում է և ՛մուտք, և՛ ելք: Շատերը չեն ձեռնարկում գործունեություն՝ դա դադարեցնելու խոչընդոտների մտավախությունից: Ձեռնարկատիրության հիմքում առաջնային է ինչ-որ բան փոխելու գաղափարը, հետո շահույթը»:
Նրա խոսքով՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների պարագայում, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Իսկ առևտրով զբաղվող ՓՄՁ-ներն այդ նույն ժամանակահատվածում արձանագրել են զգալի վատթարացում:
«Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում: Բանկերի հետ հարաբերությունները 2013-ի համեմատ բարելավվել են»,- ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը:
Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում գործակցել է բանկերի հետ, այսինքն՝ օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա:
Կարևոր համարելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների ուսումնասիրությունը: Պարզվել է, որ 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը՝ հեռահար բանկինգը:
Հետազոտության ներկայացմանը հաջորդեց պանելային քննարկումը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի, Տիգրան Ջրբաշյանի միջև: Բանախոսները համակարծիք էին, որ առաջիկա ռազմավարությունը պետք է լինի բարձր արտադրողական և նորարարական: Խոսվեց ՓՄՁ-ները դասակարգելու մասին: Յուրաքանչյուր տնտեսվարողին հասանելի կդառնա իրեն համապատասխան գործիքակազմն ու ինֆորմացիան: Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության ակտիվություն նկատվում է միջին ձեռնարկությունների, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին: ՙԱմերիա՚ ընկերության փորձագետները պարզել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկն ու բարձր հարկերը: Օրինակ Գյումրիում և Վանաձորում խոչընդոտ է հանդիսանում արտագաղթը:
Պանելային քննարկմանը հաջորդեց հարց ու պատասխան միջոցառմանը ներկա ԱԺ պատգամավորների և բանախոսների միջև:
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան
Լուսանկարիչ՝ Էլեն Գասպարյան


























