Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն
Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում։ Արմեն Սարգսյանն իր էջում գրում է.
«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանաչվեցի հաղթող:
Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են:
Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»:
Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե պարտաստվում է հրաժարվել ավագանու անդամի մանդատից, Արմեն Սարգսյանն ասաց, որ օրենքը չի արգելում համատեղել այս պաշտոններ: «Քանի որ ավագանու աշխատանքը հանրային հիմունքներով աշխատանք է, չեմ հրաժարվելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի երգի պետական թատրոնը 1994 թվականին հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը, ով թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Արթուր Ասատրյանը, ով առողջական խնդիրների պատճառով թողել էր պաշտոնը և մեկնել ԱՄՆ։
Արմեն Սարգսյանի կենսագրությունը
Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում:
2000թ. ավարտել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցը:
2000-2004թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2000-2003թթ. թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ և եղել հանդիսավար: Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007թ. մասնակցել է էքսկուրսավարի դասընթացների:
2009թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար: Նույն թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության գլխավոր մասնագետը:
2010-2016թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և պրոդյուսեր:
2010թ. հիմնել է «AV production» պրոդյուսերական կենտրոնը, որի տնօրենն է: Կազմակերպել է բազմաթիվ համերգային երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ցուցահանդեսներ, որտեղ եղել է նաև հանդիսավար:
2011թ. հեղինակել է «Հայեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել: 2012թ. հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարանը` www.avproduction.am:
2013թ. եղել է «Luxury Group» ընկերության գործադիր տնօրենը:
2015թ. հեղինակել է «Հայտնի և Անհայտ» մշակութային հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Նույն թվականից դասավանդել է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում:
2016թ.-ից որպես դերասան նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում:
2016-17թթ. եղել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակը:
2018թ. նոյեմբերի 6-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է:
Ամուսնացած է:










