Ռազմական ոստիկանությունն անակնկալ ստուգումներ է իրականացնում զորամասերում սմարթֆոնների հայտնաբերման ուղղությամբ
Փետրվարի 29-ից Ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս, տեղեկացնում է Ռազմական ոստիկանությունը:
Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
Ռազմական ոստիկանությունը նաև հիշեցում է, որ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:











