Սա շինծու գործ էր, 79 օր պահանջվեց, որ դա պարզեին. «5-րդ ալիքի» սեփականատեր Թավադյանն ազատ արձակվեց
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից: Նրան դիմավորեցին աջակցիները, ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Լրագրողների հետ զրույցում Թավադյանն ասաց, որ նորմալ է իրեն զգում: «Բանտում հանդիպել եմ լավ մարդկանց, որոնք իրենց ծառայությունը կատարում են շատ պարկեշտ, ուշադիր են եղել իմ հանդեպ: Հիմա պետք է մի քիչ հանգստանամ, հասկանամ ինչ է կատարվել, ահագին ինֆորմացիայի կորուստ ունեմ, ընդհանուր պատկերացում կազմեմ այս ընթացքում ինչ է եղել»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը՝ պաշտպանները պնդում էին, որ առաջին ատյանի դատարանի որոշումները ոչ իրավական էին ու ապօրինի, ինքն ինչ կարծիք ունի, Թավադյանն ասաց. «Ես իրենց հետ համաձայն եմ: Սա շինծու գործ է, ու ցավոք սրտի, դրա համար պետք էր 79 օր, որ պարզեին, որ ես այն մեղադրանքի հետ, որն ինձ առաջադրել են կապ չունեմ»:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու փաստաբանների ներկայացրած բողոքը՝ մերժելով քննիչների միջնորդությունը երկարաձգել նրա կալանքը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:










