184.6 մլն դրամի պարգևավճար` ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին. Yerkir.am

23:44 • 11.03.20

Շարունակելով ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններում պարգևատրումների թեման՝ Yerkir.am-ն այս անգամ էլ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին և  խնդրել տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018թ. մինչև 31.01.2020թ.:  

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018թ. մայիսի 9-ից մինչև 2020թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 184.693.263 ՀՀ դրամ (շուրջ 385.000 $), որն ամսական կազմում է շուրջ 18.300 $:

Կայքը հայտնում է, որ ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է այս կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 95 հաստիք և հիշեցնում, որ այս հիմնարկը ավելի քան մեկ տարի է, ինչ սուրճի և վճարումների  ապարատների տեղադրման համար մրցույթի հայտարարման և հարցի ամբողջական կարգավորման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը չի կարողանում կատարել, ինչի արդյունքում այս տարվա մարտի 5-ին Նարեկ Բաբայանն արժանացավ վարչապետի խիստ նկատողությանը: Նույնկերպ՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» շքեղ հյուրանոցը պետգույքի կառավարման կոմիտեն չկարողացավ վաճառել, արդյունքում՝ այն դարձրին կարանտինի վայր։

Այսինքն՝ այս պետական կազմակերպությունը չի կարողացել ո՛չ մանր, ո՛չ մեծ հարցերում գրանցել հաջողություններ, ստացել է նկատողություններ և փոխարենը պարգևատրվել խոշոր թվերով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: