Սիրիայում ահաբեկիչները Անկարայի աջակցությամբ նորից կանցնեն ակտիվ գործողությունների․ լարվածության հերթական փուլն անխուսափելի է․ Անդրեյ Արեշև
Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևի խոսքով՝ մարտի 5-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կրում են զուտ ժամանակավոր բնույթ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ վերադառնալով արդեն հայրենիք՝ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ ունի իրավունք Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններ սկսելու։
«Համաձայն մեր ունեցած տեղեկությունների՝ երկրի հյուսիս-արևմուտքում ինտենսիվորեն տեղի է ունենում զինված տեխնիկայի կուտակում, ընդդիմադիր զինված խմբավորումները վարում են ուժերի ակտիվ վերակազմավորում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 6 ժամ տևած հանդիպում։ Պուտինը թուրք պաշտոնակից Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել էր, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
Անդրեյ Արեշևի խոսքով՝ վաղ թե ուշ ահաբեկիչներն Անկարայի աջակցությամբ նորից կանցնեն ակտիվ գործողությունների։ «Այնպես որ, լարվածության հերթական փուլը, իմ կարծիքով, անխուսափելի է»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն իր հերթին, փորձում է պահել «մրցակցային գործընկերությունը» Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով , որ այն Սիրիայի հարևանն է։ «Պետք է նկատել, որ մերձավորարևելյան այս երկրում տեղի ունեցող ռազմական գործողությունները Ռուսաստանի համար հեռավոր են՝ խիստ խոցելի հաղորդակցություններով։ Այնուամենայնիվ, ինձ համար ակնհայտ է, որ որքան երկար ժամանակ դրանով սբաղվենք, այնքան ավելի բարդ է լինելու»,- ասաց նա։
Հռիփսիմե Հովհաննիսյան










