Արցախի ղեկավարը պետք է կարողանա քաղաքական առաջնորդություն իրականացնել՝ ղարաբաղյան հիմնախնդիրը ճիշտ ձևով լուծելու համար. Աշոտ Ղուլյանը քարոզարշավ իրականացրեց Քաշաթաղում (տեսանյութ)

16:54 • 11.03.20

ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը քարոզարշավ իրականացրեց Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում: Նա ներկայացրեց նաև ԱԺ պատգամավորների թեկնածուներին՝ ընգծելով, թե թեկնածուները միայն Ստեփանակերտի բնակիչներ չեն, նրանց մեջ կան նաև շրջանում ապրողներ:

«Պետության, իշխանությունների, օրենքների, Սահմանադրության իմաստն այն է, որ մարդկանց կյանքը թեթևանա: Որևէ քարացած բան չկա, որը ոչ մեկն իրավունք չունի փոխել: Իհարկե, մենք ունենք Սահմանադրություն, որը միասին ենք ընդունում, և բոլորս էլ պետք է ընդունենք, որ եթե միասին գնում ենք հանրաքվեի, ընդունում ենք, ապա դա բոլորի համար պարտադիր պետք է լինի»,-հայտարարեց Ղուլյանը:

Նա պատասխանեց նաև բնակիչների հարցերին: Վերջիններս հարցեր ուղղեցին «Ղարաբաղ տելեկոմ»-ի, համայնքում խմելու ջրի, փողոցների վերանորոգման վերաբերյալ:

Ղուլյանի խոսքով՝ լավ օրից չէ, որ Արցախում հեռախոսակապի մեկ օպերատոր կա: Ինչպես ՀՀ-ում է բջջային 3 օպերատոր, այնպես էլ մի օր Արցախում կավելանան օպերատորները, և մրցակցության արդյունքում նաև գնանկում կլինի: «Մենք բոլորս ուզում ենք, որ ավելի շուտ լինի, որ խնդիրները դրանից չբարդանան, այլ ավելի հեշտ կարողանանք մեր հարցերը լուծել»,-ասաց նա:

Նախագահի թեկնածուն նշեց, թե իր կարծիքով՝ հիմնական խնդիրները երեք ուղղությամբ են: Առաջինը, ըստ Ղուլյանի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է.

«Մենք կարող ենք ամեն ինչից դժգոհել, բայց միևնույն է, մեր ապագան ամեն ինչով կապված է նրա հետ, թե մեր պաշտպանունակությունը, մեր անվտանգության համակարգը ինչքանով են համարժեք այսօրվա մարտահրավերներին: Մեզ էլի ինչ-որ բաներ առաջարկելու են: Այնպես չէ, որ մենք հիմա շատ մոտ ենք հիմնախնդրի կարգավորմանը, բայց անպայման պետք է շարունակենք բանակցային գործընթացը, հետևաբար՝ մեր երկրի ընտրվող ղեկավարն անպայման պետք է քաղաքական առաջնորդություն կարողանա իրականացնել՝ առաջին հերթին հենց ղարաբաղյան հիմնախնդիրը ճիշտ ձևով լուծելու համար»,-ասաց նա:

Երկրորդ խնդիրն, ըստ Ղուլյանի, սոցիալտնտեսական բլոկի՝ տարիներով կուտակված հարցերն են՝ ճանապարհների բարեկարգում, խմելու ջրի, հեռախոսակապի, ինտերնետի և այլ հարցերի լուծում:

Երրորդ ուղղությունը, Ղուլյանի խոսքով, Արցախի և Հայաստանի հարաբերություններն են. «Ինձ թվում է՝ մենք պետք է անպայման առաջիկա 5-10 տարիներին այնքան փորձենք այս համագործակցության ինտեգրման աստիճանը բարձրացնել, որ իրար հանդեպ որևէ բան չունենանք: Վերջնական նպատակը պետք է լինի մեկ միասնական հայկական պետությունը»,-ասաց Ղուլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: