«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով ԳԱԱ-ն դառնում է պարզապես խորհրդատվական մարմին․ ԳԱԱ նախագահ

13:31 • 11.03.20

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում շատ հարցեր կան, բայց մեր ուշադրության կենտրոնում եղած հիմնական խնդիրը ԳԱԱ կարգավիճակն է, կառուցվածքը: Օրենքի նոր նախագծով ԳԱԱ–ն որևէ կարգավիճակ չի ունենում, փոխարենը դառնում է պարզապես խորհրդատվական մարմին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտությունենրի ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Գիտությունն այնպիսի բնագավառ է, որ պահանջում է պետական որոշակի հոգածություն: Այն երկրներում, որտեղ ուզում են զարգացման հեռանկար ունենալ, հոգածությունը բավականաչափ ուժեղ է լինում, և տրամադրում են անհրաժեշտ միջոցները՝ ստանալով արդյունքներ»,-ասաց նա, ապա նշեց, որ քանի որ մեր երկիրը տնտեսապես հզոր երկիր չէ, գիտությանը տրամադրվող միջոցները միշտ եղել են համեստ:

«Բայց մյուս կողմից մեր գիտությունը ճանաչված Է ամբողջ աշխարհում և ոչ միայն գիտական հանրության կողմից: Եթե ուզում ենք փոփոխություն անել, որ լավացնենք, դա ուրիշ բան է, եթե փոփոխություններ ենք անում, երբ նախապես հայտնի է, որ դրանից դժվար թե դրական լուրջ արդյունքներ լինեն, խնդիր է»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ գիտական լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն գիտական ուժերի համադրմամբ: «Եթե այն ժամանակ անհատներն էին հայտնագործություններ անում, ապա հիմա գիտական լուրջ արդյունքներ ստացվում են, թեթե ուժերը համադրված են, խոշոր կազմակերպություններ են աշխատում»,-նշեց ԳԱԱ նախագահը:

Նա ընդգծեց, թե ԳԱԱ կառավարման ամբողջ համակարգը պետք է փոխել՝ հարմարեցնելով այսօրվա և՛ կազմակերպական, և՛ նյութական պահանջներին, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը: «Մենք կարծում ենք՝ պետք է փոփոխվի նախագահության կազմը: ԳԱԱ նախագահին կարող էր նշանակել երկրի ղեկավարը, բայց ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից առաջադրված երկու-երեք թեկնածուներից: Այդ դեպքում հավասարակշվում են կառույցի ինքնավարությունն ու պետական խնդիրների լուծման համակարգը»,-նշեց նա: