Նազարբաևը «Մոսկվայի համալսարանի աստղ» է ստացել

18:52 • 11.03.20

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չորեքշաբթի այցելել է Մոսկվայի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ռեկտոր Վիկտոր Սադովնիչի հետ և ստացել «Մոսկվայի համալսարանի աստղ» մրցանակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Նազարբաևի մամլո ծառայությանը:

Ռեկտորի հետ զրույցի ժամանակ Նազարբաևն ընդգծել է, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը բարձր հեղինակություն և միջազգային ճանաչում ունի: 

«Մոսկվայի պետական համալսարանի պատերի ներսում 1994 թվականին ես հանդես եկա Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու գաղափարով: 2014 թվականին մենք ստորագրեցինք Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը»,- ասել է Նազարբաևը:

Հանդիպման ավարտին համալսարանի պատվավոր դոկտոր Նազարբաևը պարգևատրվել է բուհի բարձրագույն մրցանակով՝ «Մոսկվայի համալսարանի աստղով»: