Լեհաստանում կեղծարարները կորոնավիրուսը բուժող «հրաշագործ» կաթ են վաճառել քաղաքացիներին

15:12 • 11.03.20

Լեհաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին կեղծարարները սկսել են վարակը «բուժող հրաշագործ» կաթ և թալիսմաններ վաճառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Լեհաստանի ոստիկանությանը:

Հայտնի է, որ Լեհաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 25 դեպք։

«Հայտնվել են խարդախներ, որոնք, այցելելով  տներ, տարաբնույթ դեղամիջոցներ, հրաշագործ կաթ ու թալիսմաններ են առաջարկում»,– հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։ 

«Ցավոք կան այնպիսի օրինախախտներ, որոնք օգտագործում են վարակի հետ կապված տագնապը»,– շարունակել է նա։

Ոստիկանության ներկայացուցիչը խնդրել է նման դեպքերին ականատես լինելուն պես հայտնել ոստիկանությանը։

«Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ նման մարդկանց ներս չթողնեք, չհավատաք հրաշքների։ Եթե եղել են թալիսմաններ, հրաշագործ կաթ կամ նմանատիպ բաներ առաջարկելու դեպքեր, ապա անհապաղ տեղեկացրեք այդ մասին ոստիկանությանը»,– նշել է նա։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:

Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը: