«Վարակը ոչ մի շանս չի ունենա մեր դեմ». Թրամփը՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման մասին

13:31 • 12.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել ամերիկացիներին՝ հայտնելով, որ Չինաստանում սկսված կորոնավիրուսն այժմ տարածվել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, գրում է The Guardian-ը:

Սպիտակ տան ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Պետք է ագրեսիվ և համապարփակ ջանքեր գործադրել ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր օտար վարակին դիմակայելու համար»:

Իր ելույթում ԱՄՆ նախագահն առիթը բաց չի թողել գովազդելու «Չինաստան ուղևորությունների համար իր սահմանած սահմանափակումները» և, Չինաստանին կարեկցանք և համերաշխություն հայտնելու փոխարեն, մեղադրել է Եվրամիությունը, որը «չի ընդունել նույն նախազգուշական միջոցները և չի սահմանափակել ուղևորությունները Չինաստանից ու կորոնավիրուսի բռնկման այլ թեժ կետերից», գրում է աղբյուրը:

«Վարակը ոչ մի շանս չի ունենա մեր դեմ: Ոչ մի երկիր ավելի պատրաստված չէ, քան  Միացյալ Նահանգները»,- հայտարարել է նա:

Թրամփն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի չի հանգեցնի և որ այն ժամանակավոր բնույթ է կրում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան:

Թրամփը հայտնել էր, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար, ինչը հաջողվել է Միացյալ Նահանգներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կկազմեն 200 միլիարդ դոլար:

Թրամփը հավելել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսին: