Գրետա Թունբերգն էկո-ակտիվիստներին կոչ է արել զերծ մնալ զանգվածային հավաքներից

13:16 • 12.03.20

17-ամյա շվեդ բնապահպան, էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը կորոնավիրուսի տարածման ֆոնին կլիմայական հարցերով ակտիվիստներին կոչ է արել չմասնակցել զանգվածային հավաքների, գրում է MSN-ն:

Շվեդ ակտիվիստուհին իր հետևորդներին զգուշացրել է, որ կարևոր է լսել առողջապահության ոլորտի մասնագետների հորդորները, որոնք խորհուրդ են տալիս մարդկանց խուսափել զանգվածային հավաքներից:

«Մենք՝ երիտասարդներս, ամենաքիչն ենք վարակվում այս վարակով, բայց կարևոր է, որ մենք գործենք առավել խոցելի մարդկանց հետ՝ ի շահ մեր ընդհանուր հասարակության»,- Twitter-ում գրել է երիտասարդ ակտիվիստուհին:

Նա ընդգծել է, որ կլիմայական և բնապահպանական խնդիրները մարդկության ամենամեծ խնդիրներն են, սակայն այս պահին պետք է այլ ճանապարհներ որոնել հասարակությանն այդ ամենի մասին իրազեկելու համար և զերծ մնալ մեծ հավաքներից:

Հիշեցնենք, որ 17-ամյա Գրետա Թունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և վերահաս էկոլոգիական աղետը հաստատող գիտական փաստերն արհամարհելու համար: