Իտալիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 1000-ը

22:43 • 12.03.20

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3000-ով, մահացածների թիվը հատել է 1000-ի շեմը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Այսօր 213 ապաքինվողներ ենք ունեցել, նրանց թիվը հասել է 1258-ի: Գրանցվել է նաև 188 մահվան դեպք»,-ասել է Բորելին ճեպազրույցի ժամանակ:

Այդպիսով, կորոնավիրուսից մահացության ցուցանիշը Եվրոպայի՝ ամենից շատ տուժած երկրում հասել է 1015-ի: Նախօրեին հաղորդվել էր 827 դեպքի մասին: Վարակման դեպքերի թիվը, ներառյալ ապաքինվածները, գերազանցել է 15 000-ը: