Այս պահին իշխանության համար առաջնայինը հանրաքվեն է, ոչ թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. քաղաքագետ
Այս պահին իշխանության համար առաջնահերթությունը հանրաքվեն է, ոչ թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, և կառավարությունը փորձում է հնարավորինս խուճապային տրամադրություններ չտարածել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Այսինքն՝ հստակ ձևավորված են իշխանության առաջնահերթությունները, իշխանությունն իր քայլերով ցույց է տալիս դրանք: Ոչ թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է առաջնահերթություն իշխանությունների համար, այլ հանրաքվեն, հենց դա էլ ակնհայտ ցույց է տալիս իշխանությունը»,- ասաց նա:
Հարցին՝ ամբողջ աշխարհում արտակարգ միջոցառումներ են կազմակերպում, իսկ մեզ մոտ ասում են՝ դպրոցներ փակելու կարիք չկա, խուճապ տարածելու կարիք չկա՝ նա ասաց. «Ամբողջ աշխարհում իրավիճակը հայտնի է բոլորին: Չինաստանի նման գերտերությունը չի կարողանում դեռևս արդյունավետ և ամբողջությամբ իրավիճակը վերահսկել. խոսքը թիվ մեկ տնտեսական գերտերության մասին է, նույն իրավիճակը ԱՄՆ-ում է, վերջինս՝ որպես գերտերություն, այսօր ծայրահեղ մեթոդի է դիմել և ընդհանրապես փակել է շենգենյան գոտում գտնվող երկրներից ուղևորահոսքը դեպի Նահանգներ: Նման քայլերի գնում են ոչ միայն երկու հսկա գերտերությունները, որտեղ կորոնավիրուսը բավականին ակտիվ տարածվում է, այլև դիմում են ԵՄ շատ պետություններ, կարծում եմ՝ այստեղ պետք է հնարավորինս արագ և էֆեկտիվ քայլեր ձեռնարկել հանրային առողջապահության ապահովման տեսանկյունից»:
Այն հարցին՝ կառավարությունը կատարո՞ւմ է մարտահրավերներին հակազդող քայլեր, նա ասաց, որ իր կարծիքով՝ ցանկացած պարագայում մեր իշխանությունները փորձում են կապի մեջ լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և փորձում են, այն տենդենցները, որ կան ամբողջ աշխարհում՝ հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել: «Սակայն մի բան է ուշադիր հետևել իրադարձություններին, մեկ այլ բան է արդյունավետ իրականացնել այն: Օրինակ՝ համաշխարհային տարբեր փորձագետներ պնդում են, որ հանրային հավաքները վտանգավոր են նմանատիպ պայմաններում, որովհետև համաճարակի հիմնական տարածումը հենց հանրային հավաքների ժամանակ է տեղի ունենում»,- նշեց նա և օրինակ բերեց Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավը, որտեղ էպիդեմիան տարածվեց և դա պայմանավորված էր մարդկային ստվար զանգվածով:










