Սերբիան կորոնավիրուսի պատճառով ընտրությունների նախաշեմին արգելել է հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումները

14:08 • 12.03.20

Սերբիայի իշխանություններն արգելել են փակ տարածքներում զանգվածային հավաքները, այդ թվում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանրահավաքները, գրում է Reuters-ը:

Այսօր հատուկ մամուլի ասուլիսում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված է 12 մարդ, և կոչ է արել նրանց, ովքեր այցելել են վարակված տարածաշրջաններ կամ շփումներ ունեցել այնտեղից եկած անձանց հետ, դիմել հիվանդանոցներ:

Սերբիան օրեր առաջ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակել է իր սահմաններն այն երկրների համար, որտեղ կորոնավիրուսն ամենաշատն է տարածված:

Ժամանակավոր սահմանային արգելքը գործում է Իտալիայի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Շվեցարիայի համար: Չի հստակեցվում, թե արգելքը որքան ժամանակ է գործելու:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ: