Մեկ քայլ առաջ օրթոպեդիայում. «Շենգավիթ» ԲԿ-ում տեղի ունեցավ Zimmer-Biomet  ընկերության նոր տեխնոլոգիաների կիրառման մաստեր-կլաս

13:16 • 12.03.20

Օրթոպեդիայում կիրառվող առաջատար տեխնոլոգիաները հասանելի են նաև Հայաստանում:  «Շենգավիթ» ԲԿ-ում  մարտի 11-ին Մոսկվայից, Կիևից և Թբիլիսիից ժամանած մասնագետները ներկայացրին աշխարհում առաջատար Zimmer Biomet ընկերության արտադրանքը, սպորտային վնասվածքների, օրթոպեդիայում առաջատար տեխնոլոգիաների և նոր գործիքների կիրառման տեխնիկան:  Այսուհետև ուսահոդի, ծնկահոդի, սպորտային  վնասվածքներով հիվանդները կարող են դիմել «Շենգավիթ» ԲԿ՝ նոր տեխնոլոգիաներով վիրահատվելու համար:

«Սա մեկ քայլ առաջ է օրթոպեդիայի ոլորտում: Zimmer Biomet ընկերության հետ գործակցությունը նոր չէ: Մենք հաջողությամբ տեղադրում ենք նրանց արտադրության էնդոպրոտեզները, իսկ հիմա ընդլայնում ենք գործակցությունը՝ ներառելով վնասվածքաբանության և էնդոսկոպիայի ոլորտը: «Շենգավիթ» ԲԿ-ն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է նոր՝ ուսահոդի և ծնկահոդի էնդոսկոպիկ վիրահատության համար նախատեսված ներծծվող և հեշտ տեղադրվող իմպլանտներ: Նմանօրինակ վիրահատություններ առաջին անգամ կանցկացվեն Շենգավիթ ԲԿ-ում»,- ասաց  Շենգավիթ ԲԿ-ի օրթոպեդիայի ծառայության ղեկավար Արսեն Վահրամյանը:

Բժշկական հաստատությունում հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված վարպետության դասընթացին մասնագետները ներկայացրին նոր գործիքակազմի առավելություններն ու յուրահատկությունները: Մոսկվայի Zimmer Biomet ընկերության ներկայացուցիչ Գրիգորի Գուլյանը նշեց, որ միջոցառման նպատակը փորձի ու գիտելիքների փոխանակումն է, արտադրանքի ներկայացումը, որը Հայաստանում նորություն է:

«Վնասվածքաբանության և արթրոսկոպիայի ոլորտում այս գործիքակազմը կկիրառվի առաջին անգամ: Կախված վնասվածքի բարդությունից՝ կարելի է գործածել նոր սերնդի պտուտակներ, հարթակներ և մեխեր: Արթրոսկոպիան ավելի շատ վերաբերում է սպորտային բժշկությանը: Դրանք «հոդերն» են, ներհոդային սարքավորումները, որոնք տեսախցիկների միջոցով մտնում են հոդերի մեջ, ցույց տալիս իրավիճակը: Կախված իրավիճակից՝ գործածվում է այս կամ այն իմպլանտը` արդեն հոդի ներսում: Գործելաոճն ու սարքավորումները այսօր ներկայացվեցին հայ բժիշկներին: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հետ մեր գործակցությունը նոր չէ, բայց վնասվածքաբանության և արթրոսկոպիայի ոլորտում նոր է սկսվում»,-ասաց  Մոսկվայի Zimmer Biomet ընկերության ներկայացուցիչ Գրիգորի Գուլյանը:

2012 թ. Zimmer Biomet-ը մուտք է գործել հայրենական շուկա, դրանք ներառում են վնասվածքաբանական և օրթոպեդիկ արտադրանք: Վրաստանի, Հայաստանի և Միջին Ասիայի տարածքում Zimmer Biomet ընկերության ներկայացուցիչ Կոբա Ջախայան նշեց, որ ներկայացված գործիքները և սարքերը բարձրորակ, ԱՄՆ և Շվեյցարիայի արտադրանք են:

«Ժամանակն է, որ բարձրորակ և բարձրակարգ արտադրանքն առաջարկվի նաև Հայաստանում, այստեղ կան ժամանակակից կլինիկաներ, օրինակ` հենց «Շենգավիթ» ԲԿ-ն: Եկել է հիվանդներին որակյալ բուժում առաջարկելու ժամանակը: Այս կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, այստեղ կան վնասվածքաբաններ ու օրթոպեդներ, որոնք կրթություն են ստացել աշխարհի տարբեր երկրներում, նրանք ամբողջությամբ տիրապետում են այս սարքավորումներին ու իմպլանտներին: Շնորհակալություն այս կլինիկայի ղեկավարությանը՝ միջոցառումն այստեղ անցկացնելու հնարավորության համար»,- ասաց Վրաստանի, Հայաստանի և Միջին Ասիայի տարածքում Zimmer Biomet ընկերության ներկայացուցիչ Կոբա Ջախայան:

Վարպետության դասընթացը կազմակերպվել է «Շենգավիթ» ԲԿ-ի և Zimmer Biomet ընկերության նախաձեռնությամբ:  Սեմինարի ավարտին բժիշկները հնարավորություն ունեցան առաջին անգամ  գործիքները փորձարկել մարդու ոսկրի կրկնօրինակի վրա՝ օտարերկրյա առաջատար գործընկերների հետ ծանոթանալով նոր տեխնոլոգիաների կիրառությանը: Մասնակցության մուտքն ազատ էր մասնագետների համար:

Լրագրող ՝ Լուսինե Զարայելյան
Լուսանկարիչ՝ Էլեն Գասպարյան